Պերճ Պռոշյանի Տուն-թանգարան
Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը գտնվում է հին Աշտարակի սրտում՝ Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ տանող ճանապարհների խաչմերուկում, Քասախ գետի հին կամրջի հարևանությամբ։
Թանգարանը հիմնադրվել է 1948թ․ մայիսի 16-ին, մեծանուն գրողի ծնված տանը։ Նախապես թանգարանը ներկայացնում էր Պռոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները, հետագայում՝ 1965թ․ կառուցվում է ևս մեկ սենյակ, իսկ 1990թ․՝ թանգարանի ներկայիս շենքը։ Այժմ թանգարանը երկհարկ բարեկարգ շինություն է՝ մառանով, թոնրատնով, ուր հավաքված են 18-19-րդ դարերի պղնձե, կավե, փայտե կենցաղային իրեր, սպասք, այն ամենն, ինչն օգտագործում էր այդ ժամանակաշրջանի գյուղացին իր կենցաղում։
Թանգարանի ցուցասրահում ներկայացված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր, նկարներ և անձնական իրեր։
Հայ դասական գրող Պերճ Պռոշյանը ծնվել է 1837թ․ հունիսի 15-ին՝ Աշտարակում։
Պ․Պռոշյանը բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների («Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր», «Ցեցեր» և այլն) հեղինակ է։ Թարգմանություններ է կատարել ռուս և համաշխարհային գրականությունից (Լ․Տոլստոյ, Ն․Գոգոլ, Չ․Դիքենս)։
Մեծ է Պռոշյանի դերը հայ դպրոցաշինության գործում։ Մեծանուն գրողը հիմնել է դպրոցներ Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աստրախանում, Երևանում, ինչպես նաև՝ իր հայրենի Աշտարակում։ Գրել և բեմադրել է պիեսներ («Աղասի», «Արշակ Երկրորդ»)։ Նրա վեպերի հիման վրա գրվել են պիեսներ և բեմադրվել տարբեր բեմերում։
Պռոշյանը նաև լուսանկարիչ էր։ Թանգարանում ցուցադրված են նրա լուսանկարչական աշխատանքները։
Պռոշյանը մահացել է 1907թ․նոյեմբերի 23-ին Բաքվում։ Թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։
Թանգարանը կարևոր նշանակություն ունի քաղաքի մշակութային կյանքում։ Այստեղ պահվում է գրողի ստեղծագործական միտքը և մշտապես կազմակերպվում են տարարտեսակ միջոցառումներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 3000 դրամ է:
Մուտքի տոմս - 1000 դրամ
Երեխաներ/Թոշակառու/ուսանողական տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։